«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ամսիկ-ստուգատեսներ

E1E9EBF9-8DE0-4432-9E9D-5A40154B1731«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իր նախագծերով: Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն անհատի ձևավորումն է: 5 տարեկանների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ֆիզիկական և մեդիամիջավայրում:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների զարգացման խմբերում որպես հաշվետվություն կազմակերպվում են ամենշաբաթյա ստուգատես-ամսիկներ։ Ստուգատես-ամսիկները միջոցառումներ են, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր ամիս մասնախմբի ղեկավարի հետ անցկացվում են սեմինարներ, որոնց արդյունքում որոշվում է տվյալ շաբաթվա կատարվելիք ստուգատեսի նախագիծը։ Ստուգատեսն առհասարակ մեր առջև դնում է մի շարք խնդիրներ՝ չնայած նրան, որ ամեն խնդիր յուրաքանչյուր 5 տարեկան յուրովի է կարողանում հաղթահարել։ Ստուգատեսի առաջադրած խնդիրներից կարևորներն են երևակայությունը, տրամաբանությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը, ներառվելը միջավայրին, մտքի զարգացումը․․․

Յուրաքանչյուր ամսիկ-ստուգատես ունի իր մոտիվացիան, որը կազմվում է ըստ տվյալ շաբաթվա ուսումնական բովանդակության: Այն ներառում է մի շարք հմտությունների ու կարողությունների կիրառում՝ մարմնակրթություն, մաթեմատիկա, խոհարարություն ու տեխնոլոգիա, երգ, պար և ռիթմիկա, ուսումնական ֆլեշմոբներ, ընտանեկան ֆլեշմոբներ: Ստուգատեսին ակտիվորեն ներառվում են նաև սովորողների ծնողները, հյուրերը: Ստուգատեսի պատասխանատուին հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան եզրահանգումներ՝ գտնել և վերացնել թերությունները, անհարթությունները, ակտիվություն ու շարժում մտցնել այդ ամենի մեջ:
Հինգ տարեկանների զարգացման խմբերում իրականացվող ամենշաբաթյա ստուգատեսների նպատակն է շարունակ զարգացող մեդիամիջավայրում ստեղծել միասնական, միմյանց փոխազդեցությունների հիման վրա կառուցված ուսումնական միջավայր, ուր իշխում են ընկերությունը, ստեղծականությունը, և որն էլ տալիս է ստեղծագործ ու մոբիլ անհատականությամբ անհատներ:

Լողափնյա ստուգատես.

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների հետ 2017-2018թթ․ առաջին ստուգատեսն իրականացրինք սեպտեմբեր ամսվա սկզբին՝ լողափնյա ստուգատես։ Նշեմ, որ լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով նրանք կոփվում են, լողալու հմտություններ են ձեռք բերում։ Լողուսուցումը մարմնակրթության բաղկացուցիչ մասնիկն է: Լողը ոչ միայն  մարզաձև է կրթահամալիրում, այլ մի գործունեություն, որը ներառում է զանազան հմտությունների ու կարողությունների ձևավորում և զարգացում։ Լողավազան մտնելուց առաջ կարևորում ենք լողափնյա հիգիենան ու լողի կազմակերպումը։ Ինքնուրույն հագնում ենք լողազգեստները, ռետինե հողաթափերը, վերցնում սրբիչները, կրում գլխարկներն ու ջրային ակնոցը։ Անպայման կատարում ենք նախավարժանք՝ զարգացնելով մկանները։ Անցնում ենք ինքնաստեղծ շատրվանների միջով, նոր մտնում լողավազան։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք շատրվանների միջով և կազմակերպում զգեստափոխումը: Ունենք ոչ միայն բացօթյա, այլ նաև ծածկած լողավազան, որտեղ լողալու դեպքում սաներն ունեն այլ նախասիրություններ։ Նրանց համար մեկ այլ հրճվանք է իսկական հանդերձարաններում զգեստափոխումը, աղջիկներն առանձին, տղաները՝ առանձին։ Այլ հրճվանք է, երբ կարողանում են իրենց հագուստը դնել արկղիկի մեջ, հետո ցնցուղ ընդունել, մարզվել, նոր մտնել լողավազան։ Չեմ զլանա կրկնել, որ լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է։

Տեխնոլոգիական.

Տեխնոլոգիական ստուգատես, որի միջոցով սովորողները կատարում են տեխնոլոգիական աշխատանք՝ զարգացնելով երևակայական-ստեղծական հմտությունները։ Տեխնոլոգիական ստուգատեսների ժամանակ կատարում ենք տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ, օրինակ բույսերի խնամք: Սովորողի մոտ զարգանում է սերը դեպի բնություն, հոգատարությունը միջավայրի նկատմամբ։ Այս ստուգատեսի ժամանակ սովորողները կատարեցին տեխնոլոգիական աշխատանք, սովորեցին ձևավորել տարաներ՝ դարձնելով ծաղկի թաղարներ։ Հետո թաղարի մեջ հող լցրեցին, դրեցին արմատակալած կտրոնները՝ ծածկելով հողով։

Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկների տեխնոլոգիական աշխատանք, Սովորողների և ծնողների համատեղ տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, որի նպատակն է նախ գործունեության մեջ ներգրավել ծնողներին։ Ներկայացնել-գրանցել սովորողի տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/։ Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները. զարգացնել ստեղծագործական երևակայությունը։ Խառնաշփոթային պատկերների ստուգատես: Սովորողների մոտ զարգանում է երևակայության, տրամաբանության, տարածական, կառուցողական մտածողություն, խմբով աշխատելու կարողությունների զարգացում, ժամանակի կառավարման կարողությունների զարգացում ( արագ կողմնորոշվել, հետևել ժամացույցին/ ժամանակաչափին/, սկսած աշխատանքը ավարտին հասցնել։

Խոհանոցային հմտությունների, կարողությունների ցուցադրության ստուգատես։ Ստուգատեսի նպատակն է ձեռք բերել խոհարարական հմտություններ և խոհանոցում աշխատելու կարողություններ։

Շրխկան գործիքների համույթ: Սովորողները պատրաստում են երաժշտական շրխկան գործիքներ։ Ստուգատեսը նպաստում է սովորող֊ծնող զույգի խմբային֊ուսումնական գործունեությանը, զարգացնում տեխնիկական երևակայությունը, նսպաստում ռիթմիկայի, երաժշտական լսողության զարգացմանը։

Մարզական.

Մարզական ստուգատեսները նույնպես բազմապիսի են: Դրանցով կարևորում ենք սովորողի մարմնամարզական հմտությունների զարգացումը, ուշադրության կենտրոնացումը, արագ կողմնորոշվելու ունակությունը, աջ ու ձախի տարբերակումը․․․

Մարզական ավազաթերապիայի ։ Սովորողին թույլ է տալիս զարգացնել երևակայությունը՝ ստեղծելով բազմապիսի պատկերներ: Հնարավորություն է ընձեռում սովորողին լիցքաթափել և հանգստացնել ներքին, ինչու չէ նաև չարտահայտված հույզերը: Օգնում է հաղթահարել բարդույթները: Զարգացնում է մանր մոտորիկան:Ավազի կառուցվածքը տարբեր է՝ չոր, փափուկ, ծանր կամ թեթև, ըստ որի էլ հեշտությամբ տարբեր ձևեր կարող է ստանալ:

Մարզական խաղերի շարքին դասում ենք նաև հեծանվավարությունը,

ինքնագլորներով մրցախաղը:

Բազմապիսի.

Բազմապիսի ստուգատեսներ, որոնք ծնվում են միասնական քննարկումների հիման վրա:

Կոմիտաս․ Բացօթյա նկարչական պլեներ․ Կոմիտասյան երաժշտության ելևէջների ներքո սովորողները փորձեցին սպիտակ թղթին տալ երևակայական-գունավոր ազդեցություններ՝ լսելով Կոմիտասի «Ալ ալյուղս» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ կարևոր էր՝ ինչպես սովորողը կստեղծագործի՝ լսելով Կոմիտասի ստեղծագործությունը։ Գուցե վախ ունեի, որ նրանք չէին նկարի երաժշտության ներքո, բայց ի զարմանս ինձ, ամեն ինչ ստացվեց։

Բարձունքի հաղթահարման նպատակն է հայրենաճանաչողությունը ուսումնական ճամփորդության միջոցով։ Ճամփորդելու, քայլքի միջոցով ճանաչելու շրջակա միջավայրը: Այս նախագծով սովորողի մոտ ձևավորվում է ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություն, միմյանց օգնելու, աջակցելու կարողություն, ճամփորդական, արշավային կանոնների յուրացում։ Սանը սովորում է՝ ինչ անհրաժեշտ իրեր են հարկավոր ճամփորդական պայուսակում դնելու համար, ինչպես հագնվել, որ հատվածով քայլել, օգնել ընկերոջը․․․

Ճաշկերիկ ստուգատեսի  նպատակն է սովորողներին դարձնել էլ ավելի ինքնուրույն։ Հերթապահ սովորողները ինքնուրույն լվացվում են, հագնում գոգնոցները և գնում խոհանոց։ Նախապես պատրաստում են սեղանը, ինքնուրույն սպասքադրում, գալիս և կանչում են մյուսներին։ Ուտելուց հետո նույնպես ինքնուրույն հավաքում են ափսեներն ու բաժակները, օգնում միմյանց, մաքրում սեղաններն ու ուղղում աթոռները։

Paint-դիմանկարի նպատակն է զարգացնել սովորողների՝ համակարգչից օգտվելու կարողությունները, paint ծրագրով աշխատելու կարողությունները, երկրաչափական պատկերները տարբերակելու, անվանելու կարողությունները, ստեղծագործական երևակայության զարգացումը։

Այլընտրանքային տոնածառ․ ընտանեկան ֆլեշմոբ։ Ընտանեկան ֆլեշմոբերի նպատակն է ընտանիքի անդամների ներգրավումը, անմիջական մասնակցությունը գործունեությանը։

Բնագիտական փորձեր։ Սովորողի մոտ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում, բնագիտական փորձ կատարելու կարողությունների ձևավորում:

Ազգային խաղեր։ Այս ստուգատեսի նպատակն է սովորողին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել խմբով խաղալու հմտությունները, մրցելու-հաղթելու կարողությունները։

Թումանյանական հերոսներ։ Այս հավես խոհանոցային ստուգատեսի նպատակն էր խմբավորել, տեսակավորել մթերքը, պատրաստել համեղ կերպարներ՝ օգտվելով խոհանոցային պարագաներից։

Թումանյանական շրջիկ թատրոն։ «Թումանյանական օրեր. շրջիկ թատրոն» նախագծով սովորողները խաղալով բերանացի ասացին-խաղացին «Էս էն է» ստեղծագործությունը՝ իրենց իսկ պատրաստած տիկնիկները խաղացնելով։

Մեդիագետիկներ։  Paint ծրագրով աշխատելու, կարդալու-գրելու կարողությունների ստուգատես-ցուցադրություն։ Այս ամենը սովորողն անում է  ինքնուրույն։ Ինքնուրույն ստեղծում է  էլեկտրոնային այբբենարանի մեկ էջ՝ կիրառելով paint ծրագրի գործիքները։

Աղայանական-ազգային խաղ-ընթերցումներ։  Շրջակա տարածքի ուսումնասիրություն։ Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում։ Ազգային, բակային խաղերի կազմակերպում:

Այսպիսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սաներն ունեն իսկական ազատություն, պաշտպանվածություն, ապրում են իսկական հրճվանք, արտահայտում են իրենց ազատ միտքը, չեն կաշկանդվում, չեն վախենում սխալվելուց: Սանի առջև նպատակ ենք դնում ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով, խաղի մեջ այնպես, որ սանը չզգա՝ ինչպես է սովորում, ինչքան է սովորում, երբ է սովորում։ Այս ամենով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, իրար հետ շփվելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ինչն էլ անվանում ենք «Իմացումի հրճվանք» կրթական այլընտրանքային ծրագիր։

Լողափնյա խաղադարան

34722857_461613430956206_639146800715923456_n«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամռանը գործում է «Ամառային պարտեզ», որտեղ սաների հետ կազմակերպում ենք ամառային տարատեսակ, բազմազան, գունագեղ, ի վերջո, այլընտրանքային ուսումնական գործունեություն։ Ամառային պարտեզն ունի գեղատեսիլ ու մաքուր բնություն, զմրուխտե լանջեր, դրախտային գեղեցկություն: Ամառային պարտեզում սաներն ունեն մեծ, հավաքովի լողավազան, որտեղ սովորում են լողալ, ջրային ու բակային խաղեր խաղալ՝ զարգացնելով տարբեր կարողություններ ու հմտություններ։ Լողավազանի ջուրը թափանցիկ է, զուլալ, արցունքի պես ջինջ:

Առավոտյան պարտեզ գալուց հետո սաների հետ միասին բացում ենք լողավազանը, նկուղից հանում ամառային զարգացնող խաղերի համար մեր ստեղծած փայտե գլորակները։ Դրանք սաները ոչ միայն խաղերի համար են օգտագործում, այլ նաև որպես աթոռակներ և փոքրիկ սեղաններ, գլորում են, ցատկոտում վրայով։ Լողավազան մտնելուց առաջ կարևորում ենք լողափնյա հիգիենան ու լողի կազմակերպումը։ Այս ամենն իրականացնում ենք որպես խաղ, որպես ուսուցման հետաքրքիր ձև, և սանը չի զգում՝ ինչպես է սովորում: Անցնում ենք ինքնաստեղծ շատրվանների միջով, ուրախ թռչկոտում, թրջում միմյանց, ապա մտնում լողավազան։ Լողավազանում խաղում ենք ջրի հետ, զրուցում նրա հետ, ծիծաղում, երգում, պարում՝ կարծես անձնավորելով նրան, համարելով մեր ամենաջինջ ու լուսավոր ընկերը։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք շատրվանների միջով և կազմակերպում զգեստափոխումը: Գովազդում ենք մեր ամառային լողափը՝ պատմելով ջրի ջերմաստիճանի, մաքրության, լողավազանից օգտվելու կանոնակարգի մասին և այլն, այսպիսով էլ՝ իրականացնում «լողի ծես»: Читать далее «Լողափնյա խաղադարան»

Դիպլոմային աշխատանք՝ «Ծեսը որպես ինտեգրված թեմատիկ միավոր»

 

33030767_452649015185981_5953132956418572288_n (1)

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Հեղինակ՝ Տաթև Սահակյան Արայիկի

Աշխատանքի վերնագիրը՝ «Ծեսը որպես ինտեգրված թեմատիկ միավոր»

Մասնագիտության անվանումը՝ Նախադպրոցական կրթություն

Ղեկավարներ՝ Նառա Նիկողոսյան, Աննա Հայրոյան

Երևան, 2018թ․

 

 

 

Բովանդակություն

Ներածություն

Կրթահամալիրյան ծեսեր

Հայ-ավանդական՝ կրթահամալիրյան ծեսեր

Սովորույթ-ծեսեր

Ամփոփում

Գրականության ցանկ Читать далее «Դիպլոմային աշխատանք՝ «Ծեսը որպես ինտեգրված թեմատիկ միավոր»»

Իմ նորովի «մուտքը» կրթահամալիր

31949394_446361279148088_3448187641458065408_nԱյն, ինչի մասին ուզում եմ խոսել, ուղղում եմ ընթերցողին, ով կկարդա, կընկալի, և ում կհետաքրքրեն մտքերս։

Երբ 2000 թվականին դարձա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան, ամեն ինչ շատ հեքիաթային էր թվում, սիրեցի սովորող-տնօրեն փոխհարաբերությունները, դասավանդողների ու տնօրենի հետ շփվելաձևը։ Սովորեցի կրթահամալիրում տասը տարի, կարողացա ստացածս գիտելքիների շնորհիվ, առանց լրացուցիչ պարապմունքների՝ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ԵՊՀ։ Շատ կարոտում էի դպրոցս, չնայած անընդհատ հյուր էի գնում ուսուցիչներիս։ 2017 թվականի նոյեմբեր ամսին կրթահամալիրի կայքում կարդացի դաստիարակ աշխատել ցանկացողների վերապատրաստման մի հայտարարություն, որոշեցի փորձել։ Մասնակցեցի քառօրյա վերապատրաստմանը, ցանկացա կամավորություն դրսևորել: Ինձ կանչեցին Արևելյան դպրոց-պարտեզ, Նառա Նիկողոսյանը ուղեկցեց Նելի Արղությանի՝ 2-4 տարեկանների հեքիաթային աշխարհ՝ փորձառության։ Զարմացած աչուկներ, թաքուն ժպիտներ, ծանոթություններ․․․ Կասեմ, որ շատ կարճ ժամանակահատվածում դարձա այդ խմբի մի մասնիկը, իհարկե, Նելիի աջակցությամբ։ Փորձառության հենց առաջին օրը կրթահամալիրն ուներ վերապատրաստվողներ Հայաստանի մի շարք մարզերից։ Դա, իհարկե, ինձ համար մի քիչ անսովոր էր։ Սկզբում չէի հասկանում՝ ինչու, ինչ նպատակներով։ Հնգօրյա վերապատրաստում, տարբեր վերապատրաստվողներ՝ իրենց տարբեր բարբառներով։ Դա սովորող-սովորեցնող մի ծրագիր էր, կրթական փոխանակում։ Առջևում Ամանորի տոնախմբությունն էր, կարողացա իմ մասնակցությունն ունենալ այդ ծեսին, տեսա, թե ինչպիսին են առհասարակ կրթահամալիրում փոխհարաբերությունները, ծնող-դաստիարակ-սան կապը, ծնողի ներառվածությունը ծրագրին:

Սկսեցինք Նելիի նախագծերն իրագործել. ամենն անում էինք փոխադարձ աջակցությամբ։ Եկավ մի ժամանակ, երբ Նելին երկու շաբաթ առողջական խնդիրների պատճառով բացակայեց խմբից, փորձեցի ինքս նոր նախագծեր մշակել ու իրականացնել 2-4 տարեկանների հետ՝ դառնալով ավելի պատասխանատու։ Երկու ամիս կամավոր աշխատեցի Նելի Արղությանի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբում (նշեմ, որ երկու շաբաթ էլ աշխատել եմ նաև երկարացված օրվա ճամբարի սովորողների հետ, միասին գործունեություններ ենք ծավալել, ռոդարիական խաղեր խաղացել), այնուհետև աշխատանքի անցա։

Նախակրթարանում աշխատելը մի բազմաբնույթ, համակողմանի գործունեություն է, որի ընթացքում առնչվում ես տարատարիք երեխաների հետ, որտեղ չկան սահմանափակումներ, մեծի հետ մեծ ես, փոքրի հետ՝ փոքր, մեկը մյուսին օգնում է, մեկը մյուսի հետ քույր, եղբայր ու ընկեր է, տիրում է հավասարություն, համերաշխություն, խինդ ու ծիծաղ։ Մեծ և առաջնային դիրքում է ծնողը, բաց միջավայր, բաց գործունեություն, որտեղ ծնողը երբ ցանկանա, կարող է գալ ու տեսնել՝ ինչ է անում իր երեխան, տեսնել, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան, ակտիվ մասնակիցը դառնալ այդ ամենի։ Նախագծեր իրականացնելիս տեսնում ես, որ երբ խմբի ամենափոքրիկը չի մասնակցում, չես կարող և պետք էլ չի ստիպել անել մի բան, որը չի ուզում։ Հետո, երբ հանկարծ տեսնում ես, որ գիտի բոլոր երգերը, ոտանավորները բերանացի, ու անգամ կարող է չորս կամ հինգ տարեկան երեխայից էլ լավ ասել կամ անել ամեն ինչ, մի պահ զարմանում ես. սա է, փաստորեն իմացումի հրճվանքը, ինչի մասին այդքան խոսվում է։ Խմբում տարատարիք լինելը, կարծում եմ, ճիշտ է, քանի որ միշտ կա սովորող-սովորեցնողը, փոքրը մեծից կարող է սովորել, իսկ մեծը՝ փոքրից։ Ինքս էլ կարող եմ փոքրից շատ բան սովորել և սովորել եմ։

Երեխաներ, անշուշտ, շա՜տ եմ սիրում։ Նառա Նիկողոսյանի կողմից ստացա առաջարկ՝ փորձել աշխատանքս հինգ տարեկանների հետ։ Ընդունեցի սիրով ու մեծ պատրաստակամությամբ։ Մինչ նրանց հետ առանձնանալը՝ Նելի Արղությանի և Աննա Հայրոյանի հինգ տարեկանների հետ գրեթե ամեն օր մեկ ժամով առանձնանում էի և գործունեություն ծավալում։ Ապրիլ ամսին ունեցա հինգ տարեկանների՝ արդեն ամբողջական ձևավորված խումբը, իհարկե, ինձ հետ աշխատող Արմինե Խաչատրյանի հետ միասին։ Երկու խմբերի սաներ, սկզբում մի քիչ խորթություն կար միմյանց միջև, «իմ ու քո էին անում», բայց մեկ շաբաթը բավարար էր՝ իրար «ուսումնասիրելու», միանալու ու համախմբվելու համար։ Ամեն օր գործունեություն ենք ծավալում, խաղում ենք, սովորում: Քանի որ ապրիլ ամսին կրթահամալիրում միշտ աղայանական և ռոդարիական օրեր են, սովորեցինք Աղայանի ոտանավորներից և խաղացինք ռոդարիական բազմապիսի ուսումնական խաղեր։ Իտալացի գրող, մանկավարժ Ջանի Ռոդարին մեծ դեր ունի մեր ու երեխաների կյանքում։ Նրա ստեղծագործությունները լի են երևակայության տարրերով ու մասնիկներով։ Մեր կրթահամալիրում Ռոդարին կիրառվում է անընդհատ և ամենուր։ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում կարևորում ենք ռոդարիական մարզախաղերը, ռադիո և աուդիոնյութերը և, ընդհանրապես, այն ամենը, ինչում երևում է Ռոդարու «ձեռագիրը»: Արդյունքում ստեղծագործական երևակայությունը կիրառում ենք առօրյա գործունեության մեջ ամեն օր՝ փորձելով խմբասենյակում ամեն տեսակի գործունեություն վերածել խաղ-ուսուցման: Այսկերպ կարողանում ենք ձևավորել որոշակի հմտություններ ու կարողություններ, որոնք էլ սկսում են զարգանալ աստիճանաբար: Առանձին կարևորում եմ կրթահամալիրում իրականացվող ծեսերը, որոնք ինձ համար շշմելու աստիճան հավես են։ Շատ կարևորում եմ երեխային փոքրուց ծանոթացնելը մեր ազգային տոներին, ծեսերին, խաղերին: Զանազան ծես-նախագծերի օգնությամբ երեխան կարողանում է ճանաչել իրեն, իր շրջական, սովորել, կրթվել, ապրել իմացումի անվերջանալի հրճվանք:

Վերապատրաստումները կրթահամալիրում ամեն ամիս են լինում: Գյումրուց եկած վերապատրաստվողները մարտին ուղարկեցին կրթական փոխանակման ծրագրի հրավեր մեզ՝ փոխայցելություն «Արձագանք» մանկապարտեզ։ Ունեցանք հրաշալի կրթական փոխանակում, իրականացրինք Ծառզարդարի ծեսը։ Փետրվար ամսին մեզ մոտ էին եկել Բյուրականի «Բյուրական մանկապարտեզ»-ում աշխատող դաստիարակները, օգնականները, երաժշտության դաստիարակը և տնօրենը։ Կրկին կրթական փոխանակման հրավեր ստացանք ու ապրիլի 17-ին ուղևորվեցինք Բյուրականի «Բյուրական մանկապարտեզ»։ Կրթական փոխանակում, որի ժամանակ կատարեցինք Զատկի, Կրկնազատկի ծեսերը։ Ապրիլ ամսվա վերապատրաստվողների հետ իրականցրինք Համբարձման տոնին ընդառաջ մեր սիրուն ծեսը. կրկին ունենք հրավեր՝ մայիսի 16-ին Սասունիկի «Արմինե Կարապետի անվան մանկապարտեզ»։

Մեծ պատրաստակամությամբ մասնակցեցի մանկավարժական աշխատողների «Մուտքի ճամբարին, որի ընթացքում շատ բան սովորեցի։ Անպայման նշեմ, որ ճամբարի ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցա  Արևմտյան դպրոց-պարտեզի պարտիզապուրակային աշխատանքներին։ Ինչ ասես որ չարեցի՝ էլ խոտեր հնձեցի, էլ  լանջերը ջրեցի, էլ փոր արեցի, էլ փոցխ արեցի, էլ վարդ տնկեցի, էլ, էլ․․․ այս ամենն ինձ շատ բան տվեց, չեմ կարող ասել՝ ոչինչ չգիտեի, բայց ավելի շատ բան սովորեցի, իհարկե Էդմոն Փաշինյանի օգնությամբ ու խորհուրդներով։ Սկզբում ամենը շատ ծանր ու քիչ զվարճալի էր թվում, բայց հետո տարբեր աշխատանքներ կատարելով` հասկացա, որ բնության հետ ուղղակի չես կարող չզբաղվել, չխնամել՝ անկախ բոլոր դժվարություններից, մանավանդ, երբ իրոք սիրում ես ու հաճույքով ես խնամում։ Կարողացա բացահայտել ինքս ինձ, բացահայտել, որ քիչ թե շատ «գլուխ եմ հանում» այգեգործունեությունից։ Ամենն արեցի սիրով, ու այդ ամենի շնորհիվ գլխումս շատ նախագծեր ծնվեցին, որոնք էլ շուտով կիրագործեմ փոքրիկ սաների հետ միասին։

Եվ այսպես՝ աշխատանքը կրթահամալիրում անցնում է չափազանց հետաքրքիր ու բազմաբովանդակ։ Կատարում եմ աշխատանքս մեծ պատասխանատվությամբ, քանի որ էությամբ շատ պատասխանատու մարդ եմ։ Երեխաներից ստանում եմ մեծ էներգիա և ինքս կարողանում եմ փոխադարձ էներգիա ու վստահություն փոխանցել թե՛ երեխաներին և թե՛ ծնողներին։ Շնորհակալ եմ իմ դպրոցին, որ վստահեց ինձ, հնարավորություն տվեց վերադառնալ կրթահամալիր, ամրապնդվել, գործունեություն ծավալել, ինչու չէ նաև կարողացա բացահայտել ինքս ինձ այս աշխարհում։ Այսպիսին է կրթահամալիրի նախակրթարանը, որտեղ կան ազատ, բաց միջավայր, ինքնուրույնություն դրսևորելու անսահման հնարավորություններ, ինչը միմիայն դրականորեն է ազդում, ավելին՝ նպաստում երեխայի առողջ ու ստեղծական մտքի ձևավորման և զարգացման համար։