Հավե՜ս օր, հավե՜ս նվեր, հավե՜ս հինգ տարեկաններ

34089660_457564601361089_5845131034483490816_nԱյսօր ունեցանք շատ սիրուն ու գունավոր նվեր՝ ռետինե գորգ։ Հինգ տարեկանները բացեցին, սկսեցին հավաքել գույներով, մի ուրախությու՜ն, մի ուրախությու՜ն։ Վերջացնելուց հետո գույները ճիշտ ճանաչելու խաղ խաղացինք։ Մի իսկական մարզական օր։ Սկսեցին մարզական խաղեր խաղալ՝ է՜լ ոտքերով գնդակի փոխանցում, է՜լ մեր սիրելի գլուխկոնծին, է՜լ գլորվեցինք, է՜լ փորիկների տակով անցանք, է՜լ, է՜լ… ապագա սեբաստացի փոքրիկ Նարեկն էր հյուր եկել իր մորաքրոջը, իր կրթահամալիրին։ Ահա և շուտով նախապատրաստվում ենք Նարեկի «ատամհատիկի ծեսին»։ Հրաժեշտից հետո սաները սպասքադրում կատարեցին, ինքնուրույն կարողացան վերցնել, սիրուն սեղան գցել, համով-համով ուտել։ Նրանց սպասում էր «քնի ծեսը»։ Սպունգերը սիրուն դասավորեցին, բացեցին անկողինները. րոպեներ անց արդեն քուն էին մտել ընկեր Տաթևի նվագած շվիի ելևէջների ներքո։ Ահա, շա՜տ ուրախ օր ունեցանք։ Հավե՜ս նվեր, հավե՜ս, սիրուն ու գունավոր գորգ։ Չմոռանանք հինգ տարեկանների գորգապատումը լսել։