Բանաստեղծություններ

Հ․ Թումանյան

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՛ռ,կը՛ռ, կռկռան,

Կռունկները հա՛ թռան,

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ

Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատն ասաց`
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատն ասաց`
– Սարից եկավ,
Մատնեմատն սաց`
– Եկեք փախչենք,
Ճկույթն ասաց`
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

-Գլորվելո՜վ․․․

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

ԱՐՏՈՒՏԻԿ

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

 

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

 

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ԷՍ ԷՆ Է

1.

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

7.

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8.

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9.

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

10.

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11.

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

 

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Հուռին գնաց բանջարի

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Ա.Խնկոյան

Ա․ Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս: 

ԾԻԱԾԱՆ

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

ԳԻՇԵՐ

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Ղ.Աղայան

ԾԻՏՆ ՈՒ ԲԱԶԵՆ

Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

ՍԱԳ

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

 

Հինգ տարեկանների քամին

AE4CD6EF-148C-4F0A-9A87-7D28B2E86881Օրն սկսեցինք՝ քամու մասին խոսելով, պատմեցի Հ. Թումանյանի «Քամին» ստեղծագործությունը։ Ապա սաները փորձեցին վերապատմել ու նկարել։ Յուրաքանչյուրն իր պատկերացմամբ ասաց՝ ինչ է քամին, ինչ գույն ունի, երբ է դուրս գալիս… Հայկի երևակայությունը սահմաններ չունի, շատ հավես պատմեց քամու մասին, անգամ ասաց, որ քամին աներևույթ է…