Մի փոքր պատմեմ պարտիզապուրակային գործունեությունից, որը մագնիսի պես ինձ քաշեց իր կողմ։ Ըստ իս, այգեգործությամբ պետք է զբաղվի յուրաքանչյուր մարդ, քանի որ այդպես ավելի ես մոտենում բնությանը, ծառերին, հողին, ամեն կենդանի օրգանիզմի։ «Մուտքի» ճամբարի չորս օրերի ընթացքում ինչ ասես որ չարեցի՝ էլ խոտեր հնձեցի, էլ լանջերը ջրեցի, էլ փոր արեցի, էլ փոցխ արեցի, էլ վարդ տնկեցի, էլ, էլ․․․ այս ամենն ինձ շատ բան տվեց, չեմ կարող ասել՝ ոչինչ չգիտեի, բայց ավելի շատ բան սովորեցի, իհարկե Էդմոն Փաշինյանի օգնությամբ ու խորհուրդներով։ Սկզբում ամենը շատ ծանր ու քիչ զվարճալի էր թվում, բայց հետո տարբեր աշխատանքներ կատարելով` հասկացա, որ բնության հետ ուղղակի չես կարող չզբաղվել, չխնամել՝ անկախ բոլոր դժվարություններից, մանավանդ, երբ իրոք սիրում ես ու հաճույքով ես խնամում։ Կարողացա բացահայտել ինքս ինձ, բացահայտել, որ քիչ թե շատ «գլուխ եմ հանում» այգեգործունեությունից։ Ամենն արեցի սիրով, ու այդ ամենի շնորհիվ գլխումս շատ նախագծեր ծնվեցին, որոնք էլ շուտով կիրագործեմ փոքրիկ սաների հետ միասին։