Ջանի Ռոդարի․ Սոճիների պուրակում

Ժամը 10-ն անց 30 րոպե։ Ջորջոն (7 տարեկան) և Ռոբերտան (հինգուկես տարեկան) պանսիոնատից սոճիների պուրակ են դուրս գալիս։

Ռոբերտա․ -Եկ մողեսներ փնտրենք։

Պատուհանի մոտ կանգնած հետևում եմ։ Այդ նախադասության հետին միտքն ինձ համար միանգամայն պարզ է։ Ռոբերտան հենց ձեռքերով է մողեսներ բռնում, բոլորովին փույթն էլ չէ, իսկ Ջորջոն զզվող է։ Սովորաբար Ջորջոն բռնոցի խաղալ է առաջարկում, քանզի ինքը Ռոբերտայից արագավազ է, բայց նա հակառակվում է․ «Չէ՛, եկ նկարենք», որովհետև այդտեղ ավելի ուժեղ է։ Բնությունն իր պարզության մեջ անխնա է։

Երեխաները սոճիների մեջ շրջում են։ Ոչ այնքան մողեսներ փնտրելով, որքան ինչ-որ միջադեպի հույսով։ Նովալիսն այդպես էլ ասում է․ «Խաղալ նշանակումէ դիպվածի հետ փորձարկում անցկացնել»։ Նրանք բաց տեղերից խուսափում են, հյուրանոցի խոհանոցին են կպչում, բացատի այդ մասը նրանց արդեն ծանոթ է։ Փայտի դարսվածքին են մոտենում։

Ռոբերտա․ -Քեզ հետ այստեղ թաքնվում էինք։

Անցյալ, անկատար ժամանակաձևի բայն բանի հայտանիշն է սպասողական պահն ավարտվել է․ «շոշափելն» ուր որ է խաղի կվերածվի։ Անկատար բայաձևն իրական աշխարհի և խաղի խորհրդանիշի վերածված աշխարհի խզումն է նշանավորում։

Երեխաները կռանում են, փայտերի կողքով կամաց, գողունի քայլում, տեղից տեղ դնում խոհանոցի համար սղոցված փայտի միանման,  հավասար կոճղերը։  Վերցնելը հեշտ է, և երեխաներն սկսում են դրանք տեղափոխել․ փայտի դարսվածքի խավաքարտե մեծ տուփ ու զանբյուղ են երևում։ Երեխաները դրանց են տիրանում։ Խաղը Ջորջոն է ղեկավարում։

Ջորջո․-Մենք ջունգլիներում էինք, վագրի որս էինք անում։

Արձակուրդային առօրյայի անբաժան մասը՝ սոճիների պուրակը,  որպես այդպիսին, նրանց չի հետաքրքրում, ուստի դա «նշանի» են բերում, ավելի ճիշտ՝ նոր բովանդակությամբ «նշանի» ատիճանի բարձրացնում(ջունգլի)։ «Երբ առարկաները,-ասում է Դրոփն,-նշաններ են դառնում և այլ առարկաների փոխարինելու ներկայացուցչական հատկության ձեռք բերում, խաղը կյանքի ֆիզիկական ուրախության սովորական դրսևորումից այնպիսի գործունեության է վերածվում, որ մտածական գործոն է ներառնում»։

Երեխաները մեծ քարին են մոտենում։ Զամբյուղն ու արկղը(իրերը նշաններ են դառնում) երկու «քողտիկներ» են։ Օջախ վառելու համար «ցախ» են հավաքում։

Խաղի համապատկերը, որպես զուգորդումների հայտնաբերում և հորինում, բաց է։«Ջունգլի» բառը «քողտիկն» է հուշում։ Այստեղ փորձն է միանում․ երեխաներն այնքան հաճախ են «տունտունիկ» խաղացել, որ այժմ այդ սովորական խաղն իրենցից անկախ «ջունգլի» խաղի մեջ են մտցնում։ 

Ռոբերտա․- Կրակ արեցինք։

Ջորջո․- Ու պառկեցինք քնելու։

Ամեն մեկն իր «քողտիկի» մեջ է թաքնվում։ Մի քանի վայրկյան երկտակ կծկված պառկում են։

Ռոբերտա․- Հետո լույսը բացվեց, ես հավեր բերելու էի գնում, որ սննդամթերքի պաշար ունենայինք։

Ջորջո․- Ո՛չ, որպեսզի ճաշ պատրաստեինք։

Երեխաներն զբոսնում են, կոներ հավաքում։ Ժամը 11-ը 15 րոպե անց է։

Նախ նկատենք, որ մի ամբողջ խաղային օր է անցել։ Խաղի ընթացքում ժամանակն իրական չէ, այն ավելի շուտ կարելի է ժամանակի վարժություն, ժամանակի հետ կապված փորձի ամփոփում անվանել․ երեկո է, ուրեմն պետք է պառկել քնելու, առավոտ է՝ վեր կենալ։ Թվում է, թե սոճիների պուրակում կոներ հավաքելուց հեշտ գործ չկա- այդ զբաղմունքը հենց սկզբից բնական է թվում։ Սակայն երեխաները դա այնքան են հետաձգում, մինչև որ իրենց բուսաբանական համատեքստից կտրվելով՝ «հավեր» են դառնում, նոր իմաստ ձեռք բերում, «խաղի մեջ մտնում»։ Բացի ընտրության առանցքին մերձենալ-շփվելը կարող էր «պինիյե» (կոներ) ու «պոլլի» (հավեր)  բառերի «պ»  սկզբնատառի շնորհիվ կատարվել։ Խաղի ընթացքում երևակայությունը նույն կանոններով է աշխատում, ինչ որ ստեղծագործության ցանկացած այլ բնագավառում։ 

-Ժամը 11-ն անց 20 րոպե։ «Գիշերումից» ընդամենը հինգ րոպե է անցել, բայց արդեն կրկին «անկողին մտնելու» ժամն է։

Մի հանգամանք ևս․ «ջունգլի» խաղի առանցքի վրա մեկ այլ՝ «մայրիկ-հայրիկ»» դասական խաղն է պրոյեկտվում։ Այդ է «անկողին մտնելու» իամստը, որ մասամբ ենթագիտակցաբար է մուծվում։

Ջորջո․- Լռությունն եմ ուզում լսել։

Ջորջոն այս բառերը հատուկ հնչերանգով է արտասանում՝ «լռություն խաղալու» կոչող ուսուցչուհուն բացահայտորեն նմանակելով։ Նկատենք, որ խաղն անընդհատ երկու «մակարդակների»՝ փորձի ու երևակայության միջև է տատանվում։

Ռոբերտա․- Ծուղ-րու-ղու՜։ Վեր կենալու ժամանակն է։

«Ուսուցչուհուն կերպարանած» Ջորջոյից ելած թատերականացման առաջարկին աղջիկն իսկույն ևեթ պատասխանում է «աքլորին կերպարանելով»։ Երկու դեպքում էլ երեխաներն իրենց «նշաններն» են դարձնում․ Ջորջոն՝ «ուսուցչուհի», Ռոբերտան՝ «աքլոր»։

ԱՀա երկրորդ օրն էլ է անցնում։ Ինչերի՞ն է պետք, որ այդքան ժամանակ անցնի։ Ըստ երևույթին այն բանի համար, որ խաղի, ստողծագործության ու առօրեականության միջև խզումը մեծանա։ «Ավելի հեռանալու», խաղի մեջ «խորանալու» համար։

Ջորջո․- Դե հիմա որսի գնանք։

Երեխաները վեր են կենում։ Որոշ ժամանակ լռիկ շրջում են։ Կրկին փայտե դարսվածքին են մոտենում։ Ժամը 11-ն անց 20 րոպե։

Ռոբերտա․-Գարեջուր կխմեմ։

Ջորջո․- Իսկ ես՝ ախորժաբեր ըմպելիք։

Փայտի դարսվածքը հանկարծ քար է դառնում։ Պարզ չէ, թե ինչու՞ է խաղն այդ կողմը շուռ գալիս։ Գուցե այն պատճառով, որ հիմնական թեման սպառված է։ Սակայն ավելի հավանական է, որ առավոտյան հապշտապ նախաճաշած երեխաները «խաղալու էին շտապում» ուտել են ուզում թեկուզ սիմվոլիկ առումով։ Դե որ որսորդներ են, իրավունք էլ ունեն այն ըմպելիքները խմելու, ինչ սովորաբար նրանց չեն տալիս։

Ջորջոյի գոտկատեղից երկու ատրճանակ է կախված։ Դրանցից մեկը Ռոբերտային է մեկնում։ Սկզբից գլխի չի ընկել, իսկ Ռոբերտան չափազանց ինքնասեր է, չի խնդրի։ Այժմ, երկու անգամ միասին գիշերելուց հետո, այդ նվերը խոստովանության արժեք ունի․ Ջորջոն Ռոբերտային խաղի մեջ իրավահավասար ընկեր է ճանաչում (դա է ու վե՞րջ)։

Ռոբերտա․-Ես նետում էի։

 

 

 

Оставьте комментарий